Իրանը տարածաշրջանային սպառնալիքից վերածվում է...

«ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պատրաստվում են Իրանին դիտարկել որպես համաշխարհային սպառնալիք՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հետ նրա դաշինքի խորացումը, ներառյալ  Ուկրաինայի հետ պատերազմում օգնություն ցուցաբերելը, նշանակում է, որ Թեհրանի ապակայունացնող գործունեությունը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նախկինում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք հասել ենք այն կետին, երբ Իրանից բխող սպառնալիքները անդրադառնում են ոչ միայն Մերձավոր Արեւելքի վրա, այլեւ ամբողջ աշխահի համար են խնդիր ներկայացնում», - լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի օգնական Դանա Սթրոուլը:

Սթրոուլը մատնանշել է Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնումը եւ, մասնավորապես, Իրանի կողմից ռուս զինվորականներին կամիկաձե անօդաչուների մատակարարումը։

Պենտագոնի ղեկավարի օգնականը կոչ է արել «համաշխարհային կոալիցիա ստեղծել Իրանի եւ Ռուսաստանի նենգ համագործակցության դեմ պայքարելու համար»:

«Խելամիտ է ենթադրել, որ մարտավարությունը, մեթոդները եւ ընթացակարգերը, որոնք Իրանը ուսումնասիրում եւ կատարելագործում է Ուկրաինայում, մի օր կօգտագործվեն Մերձավոր Արևելքում մեր գործընկերների դեմ», - ասել է նա:

Սթրոուլն ասել է, որ ԱՄՆ-ն ընդլայնում է համագործակցությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը տարածաշրջանում գործընկերների հետ, որպեսզի մենք պատրաստ լինենք դիմակայելու այդ սպառնալիքներին»:

Սթրոուլը ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյան չէ, ով ահազանգում է Ռուսաստանի հետ Իրանի դաշինքի մասին։

Կիրակի ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Թեհրանի եւ Մոսկվայի խորացող հարաբերությունները «անհանգստացնող» է անվանել։

«Այժմ ամեն ինչ բավականին արագ է զարգանում եւ շատ վտանգավոր ուղղությամբ», - CBS-ին տված հարցազրույցում ասել է  Բերնսը։

«Մենք գիտենք, որ իրանցիներն արդեն հարյուրավոր զինված անօդաչու սարքեր են մատակարարել Ռուսաստանին։ Մենք գիտենք, որ նրանք զինամթերք են մատակարարել հրետանու եւ տանկերի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կան նշաններ, որ Մոսկվան կարող է ռուսական արտադրության կործանիչներ տրամադրել Իրանին կամ նույնիսկ օգնել Թեհրանին բալիստիկ հրթիռների ծրագրում։

Իրանը հերքում է Ռուսաստանին անօդաչուների մատակարարումը։

«Իրանը կշարունակի մնալ տարածաշրջանային սպառնալիք՝ իրականացնելով իր լայնածավալ վնասակար ազդեցությունը», - նշվում է Ազգային հետախուզության վարչության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» տարեկան զեկույցում: