Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցութ...

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք ընթանան լիովին հարգալից, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քամալ Խարազին CNN-ին տված հարցազրույցում՝ պնդելով, որ Թեհրանը չի փոխի այն դիրքորոշումը, որը զբաղեցրել էր մինչև հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նրա վրա հարձակումը։

«Նրանք պետք է առաջին քայլը անեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով: Դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական ​​​​միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», — ասել է Խարազին։

Խարազին նշել է, որ Վաշինգտոնի հետ մերձեցման համար Իրանի պայմանները չեն փոխվել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են իրենց միջուկային օբյեկտներին՝ հավելելով, որ ուրանի հարստացումը կշարունակվի, քանի որ երկրին վառելիք է անհրաժեշտ էլեկտրակայանների համար և բժշկական նպատակներով։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը, նրա խոսքով, ընդլայնվում է, նույնպես կհանվի բանակցությունների սեղանից:

«Միացյալ Նահանգների հետ մենք կքննարկենք միայն միջուկային հարցը», — նշել է նա:

Խարազին ընդգծել է, որ գրեթե հինգ ամիս անց Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը դեռևս չի գնահատվել։

Թրամփի վարչակազմը և Իրանը հունիսին բանակցությունների մեջ էին իրենց վեճը կարգավորելու համար, երբ Իսրայելը անակնկալ հարձակում սկսեց Իրանի վրա՝ ի վերջո ներգրավելով Վաշինգտոնին, որը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների, ինչը ԱՄՆ-ի առաջին ուղղակի հարձակումն էր Իրանի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հանդպման ժամանակ նշել է, որ բաց է Իրանի հետ բանակցությունների համար: