Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, համաձայն որի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերի անցումը Հորմուզի նեղուցով կարգելվի: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիրեզա Սալիմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
««Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցառումների մասին» օրինագծի նախագիծն այժմ քննարկվում է Ազգային անվտանգության կոմիտեում», - ասել է նա:
Ինչպես նշել է Սալիմին, նախագծի համաձայն՝ կարգելվի ԱՄՆ-ին, Իսրայելին և թշնամական համարվող այլ պետություններին պատկանող նավերի անցումը Հորմուզի նեղուցով:
Սալիմին նշել է, որ Իրանին վնաս պատճառած երկրները չեն կարողանա Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնելու թույլտվություն ստանալ՝ մինչև պատճառված վնասի լրիվ հատուցումը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից:



