Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքները, թե Թեհրանը քիմիական կամ կենսաբանական զենք է մշակում։ Բաղային ստեղծված իրավիճակը համեմատել է Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի պնդումների հետ։ Այս մասին ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել X հարթակում։
Իրանի կողմից քիմիական և կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները «հետևում են նույն խարդախ սցենարին», նշել է Բաղային։
«Իրանի միջուկային սպառնալիքի մասին աղմկահարույց հայտարարություններից հետո ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք այժմ պնդում են, թե կան նշաններ, որ Իրանը մշակում է կենսաբանական կամ քիմիական զենք։ Մեղադրանքներն անընդհատ փոխվում են, սակայն հիմնական գաղափարը մնում է սարսափելիորեն ծանոթ։ Թվում է՝ աշխարհին կրկին սպասում է կոլեկտիվ ամնեզիայի նոպա», - նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ այս համատեքստում հիշատակելով հայտնի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմի հերոս Դորի ձկանը, որն ամեն ինչ մոռանում էր։
«Մի՞թե ամերիկացի պաշտոնյաներն իսկապես կարծում են, որ աշխարհը կմոռանա 2003 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև Քոլին Փաուելի տխրահռչակ ելույթը, երբ նա ցուցադրեց մի փոքրիկ սրվակ՝ որպես Իրաքի զանգվածային ոչնչացման զենքից բխող ենթադրյալ սպառնալիքի տեսողական ապացույց», - ընդգծել է Բաղային։
«Այդ ժամանակից ի վեր այդ դրվագը դարձել է ժամանակակից պատմության մեջ հետախուզության ամենալուրջ ձախողումներից մեկի և քաղաքական խաբեությունների մնայուն խորհրդանիշ», - ընդգծել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է. «Եվ այժմ մենք բախվում ենք նոր չարագուշակ մեղադրանքների և մի խոսույթի, որը, կարծես, հետևում է նույն խարդախ սցենարին»։
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կան «նշաններ», որ Իրանը ձգտում է քիմիական և կենսաբանական զենք մշակել, քանի որ ԱՄՆ-ն «թույլ չի տվել նրան» միջուկային զենք ձեռք բերել։



