
Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը։
Ապրիլի 6-ին պատգամավոր Օսմանին, խոսելով միջուկային զենք ստեղծելու «անհրաժեշտության» մասին, պնդել էր, որ Իրանը «ընտրություն չունի» և միայն միջուկային զսպման միջոցով կարող է պաշտպանել ազգային անվտանգությունը։
«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի) ֆեթվայի վրա (կրոնական հրահանգ-Խմբ.)»,- ասել է Բաղաին:
Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցները հաստատում են Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։
«Դեռևս 1984 թվականին՝ ավելի քան 40 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմի ղեկավարությունը (նկատի ունի Իսրայելին - Խմբ.) առաջին անգամ հայտարարեց, որ Իրանը մշակում է իր միջուկային ծրագրի վտանգավոր ռազմական բաղադրիչը։ Այս մեղադրանքներն ի սկզբանե ուղղված էին հակաիրանական տրամադրությունների ստեղծմանը և Իրանի տեխնոլոգիական և արդյունաբերական առաջընթացը զսպելուն»,- հավելել է Բաղաին:
Նա նաև «ենթադրություն» է որակել Թեհրանի կողմից ատոմային ռումբի մշակման մասին հայտարարությունները: