
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է G7-ի արտգործնախարարների հակաիրանական հայտարարությունները՝ նրանց մեղադրանքները անվանելով «անհիմն և անպատասխանատու»։
«Անհեթեթ է Իրանին մեղադրել տարածաշրջանում ապակայունացնող պահվածքի մեջ, Իրանի պաշտպանական կարողությունները զարգանում են միջազգային իրավունքի համաձայն և անհրաժեշտ են Արևմտյան Ասիայում անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաղային նշել է, որ «Իրանի գործունեությունը խաղաղ միջուկային ոլորտում ուղղված է երկրի տեխնիկական և արդյունաբերական կարիքները բավարարելուն և իրականացվում է միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրով Իրանի պարտավորություններին և երաշխիքների համաձայնագրին համապատասխան»:
Իրանցի դիվանագետն Իսրայելն անվանել է «Մերձավոր Արևելքը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու միակ խոչընդոտը»: Բաղայիի խոսքով, հրեական պետությունը, «վայելելով G7 երկրների լիակատար աջակցությունը, Գազայի հատվածում իրականացված ցեղասպանության և տարածաշրջանի երկրների դեմ ագրեսիայի հետ զուգահեռ, շարունակում է զանգվածային ոչնչացման զենքերի մշակումը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»: