Իրանի Yak-130 կործանիչը կատարել է մարտական գո...

Իրանի Ռազմաօդային ուժերի Yak-130 կործանիչը մարտական գործողություն է իրականացրել Իրանի հարավարևելյան հատվածում ընթացող լայնածավալ զորավարժության ընթացքում։

Իրանի բանակի չորս ստորաբաժանումները՝ Հողային զորքերը, Ռազմաօդային ուժերը, Ռազմածովային ուժերը և Օդային պաշտպանության ուժերը, իրականացնում են «Զոլֆաղար 1403» ծածկանունով համատեղ զորավարժություն, որը ընդգրկում է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածից մինչև Մաքրանի ափերը։

Երկուշաբթի, զորավարժության ընթացքում, Yak-130 ռազմական ինքնաթիռը օդային գործողության ժամանակ թռել է երկու MiG-29 կործանիչների ուղեկցությամբ, որպէսզի հայտնաբերի և ոչնչացնի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Yak-130-ը կիրառել է ժամանակակից հրթիռներ, որոնց միջոցով ոչնչացվել է հակառակորդի ԱԹՍ-ն։

Վերջին տարիներին Իրանը նոր կործանիչներ չի ձեռք բերել, բացառությամբ մի քանի ռուսական MiG-29 Fulcrum կործանիչների, որոնք գնվել են 1990-ականներին։ Սակայն, Իրանը և Ռուսաստանը ստորագրել են մի շարք խոշոր համաձայնագրեր՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը զարգացնելու նպատակով։

2023 թվականի սեպտեմբերին Իրանի Ռազմաօդային ուժերը ստացան առաջին ռուսական արտադրության Yak-130 ուսումնամարտական ինքնաթիռները։ Yak-130-ը, որը մշակվել է Ռուսաստանի Yakovlev և իտալական Aermacchi ընկերությունների կողմից, հանդիսանում է գերձայնային երկտեղանոց ուսումնամարտական ինքնաթիռ։

Tasnim news-ի փոխանցմամբ այս առաջադեմ ինքնաթիռները թույլ կտան Իրանի ռազմական օդաչուներին վերապատրաստվել և պատրաստվել 4+ և 5-րդ սերնդի կործանիչների, օրինակ՝ Sukhoi Su-57-ի շահագործմանը։