
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Գարիբաբադին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մահապատժի դատավճիռը ենթադրվող ռազմական հանցագործությունների համար իրավաբանորեն հնարավոր է։ Այս մասին հայտնել է PressTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական կայքին։
«Մենք պետք է փորձենք հասկանալ, թե հնարավոր է արդյոք ձեւավորել դատարան՝ բաղկացած երկու կամ երեք համախոհ երկրներից, որոնք աջակցում են պաղեստինցի ժողովրդին։ Այդ դատարանի շրջանակում կարելի կլինի նման որոշումներ կայացնել,- ընդգծել է Գարիբաբադին։- Իմ կարծիքով՝ անհնար բան չկա սրանում։ Դա հնարավոր է, եթե ջանքեր գործադրվեն»։
Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն տեղեկացրել է, որ Նեթանյահուին եւ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել ենթադրվող հանցագործությունների համար, որոնք կատարվել են առնվազն 2023թ. հոկտեմբերիր 8-ից մինչեւ 2024թ. մայիսի 20-ը Պաղեստինի տարածքում, այդ թվում Գազայի հատվածում։ Նախնական վարույթի պալատի կարծիքով՝ նրանք քրեական պատասխանատվություն են կրում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին են սպանությունները, հետապնդումները եւ անմարդկային այլ արարքներ, ինչպես նաեւ այնպիսի միտումնավոր գործողությունները, որոնք քաղաքացիական բնակչությանը մատնել են սովի՝ որպես պատերազմի վարման միջոց։