
Իրանն առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտնել է իսլամական հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կներկայացվի առաջիկա օրերին»,- նրա խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար: Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջեւ, հայտնել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել: Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «մանրամասն եւ ընդունելի առաջարկ»։ Axios պորտալի տվյալներով՝ այն նախատեսում է, որ Իրանը կկարողանա շարունակել ուրանի հարստացումը ցածր մակարդակներով՝ այն ժամանակահատվածում, որն ավելի ուշ կորոշվի: Հունիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանը չպետք է հարստացնի ուրանը, հակառակ դեպքում Թեհրանին կսպասվեն հետեւանքներ Վաշինգտոնի կողմից: