Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանո...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, անդրադարձել է ԱՄՆ-ի մասնակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային ուղու նախագծի իրագործման շուրջ համաձայնությանը՝ ընդգծելով այս հարցում Հայաստանի ինքնիշխանության պահպանման և ցանկացած ռազմական կամ անվտանգության ուժի չմիջամտելու կարևորությունը նախագծի իրականացման շրջանակներում: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

Նա զգուշացրել է առանձնակի զգոնության և վերահսկողության անհրաժեշտության մասին՝ կապված ամերիկյան կողմի հնարավոր քայլերի հետ, որոնք կարող են տնտեսական ներդրումների և խաղաղություն ապահովելու հայտարարությունների քողի տակ Հարավային Կովկասի տարածաշրջանում հետապնդել հեգեմոնիկ նպատակներ։ 

«Պետք է ապահովել, որ այս ուղին իսկապես լինի խաղաղության և զարգացման ուղի, այլ ոչ թե գործիք օտարերկրացիների հեգեմոնիկ նպատակներն իրականացնելու համար», - ասել է նա։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: