
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին, հույս է հայտնել հարցը արագ լուծել։
«Ես շատերի հետ եմ հանդիպել Իրանի հարցով, և մենք շատ արագ որոշում կկայացնենք»,- նախագահական նստավայրում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տունը հայտնել է, որ իրանա-ամերիկյան հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել։ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից։ Ամերիկյան կողմը ցանկանում է փոխել միջնորդների միջոցով անցկացվող բանակցությունների ձևաչափը՝ դրանք դարձնելով ուղղակի։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ խորհրդակցությունները համարել է կառուցողական և նշել է, որ երկրորդ փուլի ընթացքում կքննարկվեն «հնարավոր համաձայնագրի ընդհանուր շրջանակները»։
Ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին` Հռոմում։