Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Քեշմ կղզուն ԱՄՆ-ի հա...

Թեհրանը դատապարտել է Քեշմ կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները և հարձակումն իրանական լցանավի վրա, հիշեցրել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքի մասին և Քուվեյթին ու Բահրեյնին մեղադրել դրանց մասնակցության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի ԱԳ նախարարությունը վճռականորեն դատապարտում է ամերիկյան բանակի ագրեսիվ գործողությունները, որը հունիսի 3-ին հարձակվել է Հորմուզի նեղուցում իրանական նավթատար լցանավի վրա, ինչպես նաև տարածաշրջանի երկրների տարածքից գրոհի իրականացումը Քեշմ կղզու հաղորդակցության աշտարակի վրա», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու երկրի իրավունքը՝ օգտագործելով առկա բոլոր հնարավորությունները։ Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Քուվեյթը և Բահրեյնը «ուղղակի և հստակ պատասխանատվություն» են կրում հարձակումների համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նրանց տարածքն ու կառույցներն օգտագործվել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար։