Շատերի մոտ շարունակում է հարցեր առաջացնել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու փաստը։
Հիշեցնենք, որ ժամանակին Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում համարել է ոչ լեգիտիմ․«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին:
․․․․Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,-հայտարարել էր Գրիգորյանը։
Արմեն Սարգսյանը ստիպված է եղել գնալ այս քայլին։ Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ նախագահը չի կարող դեմ գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, քանի որ, իրապես, քաղաքացիության հետ կապված խնդիր ունի։ Արմեն Սարգսյանը հեղափոխության օրերին, երբ հանդիպել է Փաշինյանին, ցույց է տվել ոչ թե Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարված լինելու փաստը ապացուցող փաստաթուղթ, այլ միայն իր ստորագրությամբ դիմում, որով նա դիմել է Միացյալ Թագավորության իշխանություններին։
Ահա այս հանգամանքն էլ նախագահ Արմեն Սարգսյանին նոր իշխանությունների համար կառավարելի է դարձրել։ Եվ զուր են Արմեն Սարգսյանի այն պնդումները, թե ինքը ճնշումների ենթարկվող անձի տեսք չունի։



