ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյոք ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։
«Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում դիվանագետների նկատմամբ անվտանգության ռիսկերի գնահատման և ըստ արդյունքների` անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը միտված տարբեր իրավասու մարմինների աշխատանքներին»,– նշվում է ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պատասխանում։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։
ԱԳ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանն էլ ընդգծել էր, որ Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգանին տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված է եղել ՀՀ ԱԳՆ-ի հետ։
Sputnik Արմենիան արտաքին հետախուզության ծառայության պետից նաև հետաքրքրվել է Իսրայելից և Իսրայելի միջոցով Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տվյալների ունենալու մասին։ Գրիգորյանը հայտնել է, որ ծառայությունն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է իր առջև դրված առաջնահերթ խնդիրների կատարմամբ։ Նա նաև ընդգծել է, որ հետախուզական տվյալները պատշաճ կարգով ներկայացվում են ՀՀ վարչապետին։