«Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Փ...

Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը ձևավորվել է, ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի  շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Առավել զավեշտալի է, որ լսումները կազմակերպվում են ԱԺ անունը կրող մի մարմնում, որը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն ժողովրդավարության տարրական պահանջներին, այլ անգամ՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին։

Այս ժամանակահատվածում այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած  գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ, կարծում եմ, նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ «Վարադաշեն», «Նուբարաշեն» կամ ծանրաբեռնվածությունից ելնելով այլ ՔԿՀ-ներում, որոնք կարգավիճակի բերումով այլ են, օրինակ, «Աբովյան» հաստատությունը»,-հայտարարեց Ղազարյանը։

Նա նշեց, որ օրինագծի առանցքային հարցն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրական գործընթացներին են վերաբերում, ինչի հետևանքով կարող են ընտրության արդյունքները չեղարկվեն։

«Բերեմ պարզ իրավիճակ. 20։00-ն է, ավարտվել են ընտրությունները, «էքզիթ փոլ» իրականացնող կազմակերպություններն արդեն 20։01-ին իրավունք ունեն հրապարակելու իրենց արդյունքները, որոնք նախնական պատկերացում են տալիս ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Սկսվում է ձայների հաշվարկը փոքր տեղամասերից մինչև մեծ տեղամասեր և գործնականում մինչև 00։00 ունենում են ընտրությունների նախնական պատկերը։

Եվ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն այդ պահին ձևավորել է կառավարությունը, առանց որևէ պատճառաբանության երկրում հայտարարում է արտակարգ դրություն, ասենք՝ կայծակ է եղել և խափանվել է ատոմակայանի գործունեությունը, և չեղարկվում են ընտրությունների արդյունքները»,-հայտարարեց Ղազարյանը և նկատեց, որ ՔՊ-ն միանշանակ դա կանի, քանի որ դրա մասին են խոսում նախկին փաստերը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականին հանրաքվե էր հայտարարված և մշանակվել էր հանրաքվե, որի քարոզարշավը մեկնարկել էր, բայց չեղարկվեց։

«Անձամբ իրականացնելով «պինցետով», «քաշած արաղով», օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով մեկ այլ ընտական գործընթացներում ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ: Տեսնելով, որ տապալվում են, չեն կարող ունենալ իրենց ցանկալի արդյունքները, կառավարությունը անհիմն կերպով, խախտելով Սահմանադրությունը, հայտարարել է արտակարգ դրություն եւ չեղարկել է հանրաքվեն»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Լսումները նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց ելույթը՝ հիշեցնելով, որ  պայմանավորվել էին որևէ անձի նկատմամբ վիրավորական բառեր չհնչեցնել։

Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական հարաբերությունների հարթությունում դիտարկվող հարց է, ոչ թե ԱԺ դահլիճում դիտարկվող և զգուշացրեց. «Նորից եմ կրկնում՝ սա լինի ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը»:

Նա հիշեցրեց, որ ռազմական դրություն է հայտարարվել 2020 թվականին և այն չի վերացվել պատերազմի ավարտից հետո, այլ քաղաքական նպատակներով երկարաձգվել է մի քանի տարի, որպեսզի «հանցավոր ռեժիմը» շարունակի իր գործը։

Վլադիմիր Վարդանյանը պահանջեց անջատել Էդգար Ղազարյանի խոսափողը և ընդմիջում հայտարարեց։