Ինձ ո՞վ կարող է տապալել գետին, ես եմ սաղ կյան...

Ով կարա ինձ տապալի, գլուխները պատով են տվել որ նման բան են ասել, հրապարակել. այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

«Ո՞վ կարա ինձ տապալի, գլուխները պատովը կտան ինձ տապալողները, եղա՞վ, ինձ ո՞վ կարա տապալի գետին, ես եմ սաղ կյանքս բոլորին գետին տապալել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է, որ իրեն մեղադրում են կաշառքի համար, նա ասաց այդ հարցով իրեն բան չասեն ու չպատասխանեց գործի առնչությամբ վերաբերող հարցերին:

Արդեն հայտնել ենք, որ Արտուշ Գաբրիելյանի գործով երկու անձ է կալանավորվել՝ կաշառք տվողը և ստացողը:

Հիշեցնենք, որ երեկ Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, թե դատավորը ձերբակալվել է, սակայն նրա փաստաբանը հերքեց Գաբրիելյանի ազատությունը սահամափակելու մասին լուրերը: