Ինձ համար սա անսպասելի քայլ չէր. իրավապաշտպան...

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից։

Politik.am-ը սրա վերաբերյալ կարծիք է հարցրել «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Մարինա Պողոսյանից:

«Սա մեր ոստիկանության, քննչական մարմինների ծառայելու, իրենց անընդհատ ավելի լավը ցույց տալու երևույթ է, բոլորի վերաբերյալ ուզում են գործերը կարճել: Այսինքն՝ բոլորը արդա՞ր են: Բայց, հաշվի առնելով, որ իրենք միակը չեն, որ արդարացվում են, գտնում եմ, որ սա համակարգային մոտեցում է: Այս ամենին իրականում պետք է իրավական անդրադարձ կատարել, որովհետև շատ հանցագործությունների պարագայում ինչքան էլ ասենք՝ վաղեմության ժամկետ կա, սխալ է: Ինձ համար սա անսպասելի քայլ չէ, որովհետև այսօրվա դրությամբ պարզվում է, որ մենք ընդհանրապես օլիգարխներ չենք ունեցել, որոշ մարդիկ, որոնք հանցագործություն են արել, բերում են վնասի մի մասը հատուցում են, և ստացվում է՝ այս մարդիկ այլևս հանցագործ չեն».-ասում է իրավապաշտպանը:

«Սա ինձ համար շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ստացվում է, որ մենք անցնում ենք դեպի մասնավոր մեղադրանքի ոլորտը, բայց սրանք մասնավոր գործեր չեն: Այսինքն՝ այնպես չէ, որ վթար է եղել, տուժողը բողոք չունի, ուրեմն՝ վերջ: Եթե ժողովրդին, պետությանը վնաս է հասցվել (իսկ պետության փող հասկացություն գոյություն չունի, դրանք բոլորը հարկատուների միջոցներն են), նման վերաբերմունքը բնականաբար անընդունելի է».-մեկնաբանում է Պողոսյանը:

Հարցին, թե ինչու է լռում քաղհասարակությունը, Պողոսյանը պատասխանում է.«Ասեմ՝ ինչով է պայմանավորված: Երևի թե ամիսներ առաջ ժողովուրդը ավելի ակտիվ էր, ավելի ակտիվ քաղաքական դիրքորոշում ուներ, բայց տեսնելով, որ ամեն մեկի տված հաղորդումը կամ ամեն մեկի  բարձրաձայնածը նպատակին չի հասնում, կան նաև վախի և ժամանակի կորստի  ֆակտորները, մարդիկ մտածում են՝ պետք է անիմաստ ժամանակ կորցնեն: Սա կարող է կոտրել մարդկանց հավատը»:

Ըստ իրավապաշտպանի՝ ամեն մի դեպքում պետք է քաղհասարակությունը ակտիվ և պահանջատեր լինի, որովհետև եթե ինչ-որ մարդիկ, ենթադրաբար, ժողովրդի գումարներն են սեփականացրել և ծախսել, պետք է բարձրաձայնել դրա մասին ու պայքարել դրա դեմ: