Ինձ համար անակնկալ էր, որ մարզպետը կանչեց, աս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»:

Այդուհետ Արշակ Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում, մասնավորապես, գրել էր.«...երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեցին, և չզգացվեց դրանց կարիքը»:

Politik.am-ի հետ զրույցում, մանրամասնելով իրավիճակը, Արշակ Հովսեփյանն ասաց.«Միգուցե սխալ եմ համարում, բայց համարում եմ, որ նորմալ եմ աշխատել: Ինձ համար զարմանալի էր աշխատանքից հեռացման դիմում գրելու պահանջը: Նկատողություններ, զգուշացումներ կամ հորդորներ չեմ ստացել ղեկավարությունից, հետևաբար որոշումն ինձ համար տարօրինակ է: Մեկը լավ աշխատի, ու ասեն՝ դիմում գրիր»:

Հովսեփյանն ասում է՝ պատճառաբանութունն այն է եղել, որ ավելի պրոֆեսիոնալ մարդ են ուզում՝ աշխատի.«Դե լավից լավն էլ միշտ կա, բայց հստակեցում չկար, պարզապես ավելի կայացած, ավելի փորձառու մարդ են փնտրում»:

Մեր հարցին, աշխատավայրում եղե՞լ են ներանձնական շփման խնդիրներ մարզպետի ու մյուս աշխատակիցների հետ, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, Արշակ Հովսեփյանը պատասխանեց.«Ոչ, նման արգումնետներ չեն եղել: Մինչև վերջին վայրկյանը նորմալ աշխատանքային հարաբերություններ են եղել, պարզապես ինձ համար անակնկալ էր, որ մարզպետը կանչեց, ասաց՝ գնա, հեռացման դիմում գրիր: Քանի որ միակ փոխմարզպետն է մնալու, ուզում եմ՝ ավելի պրոֆեսիոնալ մարդ լինի»:

Արշակ Հովսեփյանը կշարունակի իր քաղաքական գործունեությունը, նեղանալով հեռանալու ցանկություն չունի, փորձում է ըմբռնումով մոտենալ որոշմանը: Ի դեպ, մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամության դիմում է ներկայացրել, որը դեռևս չի հաստատվել: