«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր մեր երկրի առաջ կանգնած են լուրջ մարտահրավերներ՝ անվտանգությունից մինչև տնտեսական կայունություն։ Բայց կա ևս մեկ խորքային խնդիր՝ հասարակության ներսում ձևավորված պառակտվածությունը, որը թուլացնում է մեզ որպես պետություն։
Ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինքը։ Որովհետև այս փուլում երկրի առաջընթացի հիմքում պետք է լինի հանրային համերաշխության վերականգնումը։ Պետք է դուրս գալ արհեստական բաժանումներից և վերականգնել փոխադարձ հարգանքը, վստահությունն ու միասնականությունը։
Վերջին տարիներին հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես են պրոֆեսիոնալ և փորձառու կադրերը դուրս մղվում պետական համակարգից՝ քաղաքականացված որոշումների արդյունքում։ Սա վնասում է պետության արդյունավետ կառավարմանը։ «Հայաստան» դաշինքը առաջարկում է հստակ մոտեցում՝ պետական կառավարման հիմքում պետք է լինեն գիտելիքը, փորձը և պրոֆեսիոնալիզմը, ոչ թե քաղաքական պատկանելությունը։
Պատահական չէ, որ հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ներդրվեց քաղաքացիական ծառայության ինստիտուտը, որի նպատակը պետական համակարգը քաղաքական ազդեցություններից առավել անկախ դարձնելն էր։ Սա կայուն և արդյունավետ պետության կարևոր հիմքերից է։
Միևնույն ժամանակ, երկրում պետք է հաստատվի պատասխանատվության մթնոլորտ։ Բոլոր այն քաղաքական որոշումներ կայացնողները, ովքեր իրենց քայլերով երկիրը հասցրել են այս վիճակին, պետք է պատասխան տան օրենքի առաջ՝ իրավական, արդար և թափանցիկ գործընթացների միջոցով։ Սա արդարության վերականգնման անհրաժեշտ պայման է։
Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով։ Եթե քեզ համար կարևոր են անվտանգությունը, արդարությունը և կայուն զարգացումը, ապա ընտրությունը ակնհայտ է։



