Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվ...

Հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը Ադրբեջանին հանձնել Հայաստանի սահմանը հատած նրա զինծառայողին: 

«Շատ վաղուցվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այս պայմանավորվածությունը 2018 թվականից առաջ խախտվել է:

«Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով էլ պարզվի, ՀՀ տարածքում հայտնված անձը արդյոք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով, եթե պարզվի, որ՝ ոչ, և որևէ հոդվածով մեղադրելու հիմք չկա, բնականաբար, պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա, և մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը ո՞ր կողմից կլինի, կշփոթվի և կանցնի հակառակ կողմը»,- նշեց Փաշինյանը: 

Երկրի ղեկավարը վերահաստատեց, որ եթե նման դեպք լինի, հավատարիմ են մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը. «Ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի, այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում, և սա արվել է այդ նպատակով»: