Ինչու՞ է Լուսինե Հարոյանը հեռացել «Ազգային առ...

Երեկ Լուսինե Հարոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Ազգային առաջընթաց» կուսակցությունից, բայց շարունակելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը: Politik.am-Ի հետ զրույցում Հարոյանը, մեկնաբանելով կայացրած որոշումը, ասաց, որ որևէ արտասավոր բան չկա իր՝ կուսակցությունից դուրս գալու մեջ, պարզապես կուսակցության մյուս անդամների հետ գաղափարական անհամաձայնություն է առաջացել.

«Ես առայժմ ուզում եմ առանձին աշխատել, հետո արդեն ժամանակը ցույց կտա՝ կախված նրանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի: Կարծում եմ՝ բնական գործընթաց է, երբ  որոշակի մարդիկ համագործակցում են, հետագայում, երբ արդեն որոշակի գաղափարական անհամաձայնություն է առաջանում, մարդիկ դուրս են գալիս: Որևէ արտառոց բան չկա: Կապված այն բանի հետ, թե հիմա ինչ գործընթացներ ու ինչ քաղաքական իրավիճակ է Հայաստանում, մենք տարբեր կերպ ենք արդեն մտածում: Իմ անձնական դիրքորոշումը բավականին  տարբերվում է կուսակցության դիրքորոշումից, այդ պատճառով ես ավելի նպատակահարմար գտա դուրս գալ կուսակցությունից»: 

Հարցին, թե հատկապես ինչի՞ հետ կապված են իր դիրքորոշումները տարբերվում «Ազգային առաջընթաց» կուսակցության դիրքորոշումից, Հարոյանը կարճ պատասխանեց.«Հիմնականում այս մի քանի ամսվա նոր իշխանությունների գործունեության արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Սա որպես ընդհանուր պատասխան»:

Հիշեցնենք՝ Լուսինե Հարոյանը 2018թ.-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը:

Մարիամ Սարգսյան