Ինչու՞ է Լավրովը գալիս Երեւան, ու հետո գնում...

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային տուրնեն Հարավային Կովկասում։ Այսօր նախարար Լավրովը կժամանի Երեւան։ Երկօրյա աշխատանքային այցով նա կգտնվի Հայաստանում։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը մանրամասնել է, որ այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կբանակցի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արդեն ամսի 10-11-ին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։

Օրակարգը երկու այցերի դեպքում էլ հայտնի է՝ Ղարաբաղյան իրադրություն, իսկ ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքի ստուգում։ Եթե անկեղծ լինենք, ապա Լավրովի այցը իրականում ստուգողական է։ Այլ կերպ ասած՝ Լավրովը մանկավարժական տերմինաբանությամբ ասած՝ «ստուգելու է, թե ինչպես են իրականացվում Երեւանում եւ Բաքվում այն տնային հանձնարարությունը, որը տրվել է Մոսկվայի կողմից»։

Այս առումով, մենք լուրջ ակնկալիքներ այս այցից չպետք է ունենանք, Մոսկվան, ինչպես եւ կարելի էր ակնկալել, իր շահերի առաջմղման շրջանակներում փորձում է միջանկյալ կերպով ի մի բերել մինչ այժմ տրանսպորտային հաղորդակցության ուղիների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Չի բացառվում, որ առաջիկայում, ասենք մայիսի իննին՝ Մեծ Հաղթանակի օրվա հետ կապված շքերթի ժամանակ ինչ որ կիսապաշտոնական եռակողմ հանդիպում լինի՝ Մոսկվա-Երեւան-Բաքու ուղղությամբ՝ բարձր մակարդակով, որը կարող է լինել հաջորդ փուլի համար տնային աշխատանքի հանձնարարման օրակարգով։ Ամեն դեպքում, հատկապես Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին, որ ամերիկա-իրանական բանակցությունները դանդաղ բայց դրական դինամիկայով գնում են առաջ, այս այցը բավական հետաքրքիր է դառնում, հատկապես՝ Հարավային Կովկասի ապագայի ճարտարապետության տեսլականի ներքո։