Ինչպե՞ս հավատանք, որ չեք գնում ՍԴ–ում ՔՊ–ի շա...

Ես սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում: Առավել քան 15 տարի եղել եմ ՍԴ աշխատակազմում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները: Եկել եմ որպես սովորական մասնագետ, իրավախորհրդատվական ծառայության ամենացածր հաստիքի գլխավոր մասնագետ և 15 տարիների ընթացքում չեմ անցել որևիցե հաստիք կամ որևիցե պաշտոն: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՍԴ դատավորի ընտրության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ թեկնածուի՝ հարց է առաջանալու, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել ՍԴ, և թե ինչպե՞ս է հնարավոր ապահովել անկախությունն ու անաչառությունը նոր պաշտոնում: Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ աշխարհում նման պրակտիկան բացառություն չէ, այն է՝ երբ խորհրդարանի անդամը դառնում է դատարանի անդամ:

Թեկնածուն ներկայացրեց նաև իր պատկերացումները Սահմանադրության և դրա դերի մասին: Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրությունը շատ նման է ծառի արմատներին, որովհետև եթե չլինեն այդ արմատները, ապա ամբողջ համակարգը կփլուզվի: Նա նաև կարծիք հայտնեց, թե Սահմանադրությունը որոշակի առումով իրավական համակարգի ԴՆԹ-ն է:

«Ասում են, որ Սահմանադրությունը լուռ դատավոր է, իսկ Սահմանադրական դատարանը դառնում է խոսող օրենք՝ մեկնաբանելով, պարզաբանելով և զարգացնելով Սահմանադրությունը որպես այդպիսին»,- ասաց նա:

Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ չափազանց կարևոր է, որ ՍԴ-ն վերականգնի երկխոսության այն համակարգը, որը հնարավորություն է տալիս թե՛ ներպետական, թե՛ վերպետական, թե՛ միջպետական մակարդակներում ապահովել փոխադարձ հարգանքի սկզբունքը, որովհետև շատ դեպքերում պետությունները փորձում են նվազեցնել և ստորադասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումները ներպետական օրենսդրությանը:

«Կան երկրներ, որոնցում Սահմանադրական դատարանի դիրքորոշումը հստակ չի համընկնում տվյալ պետության մասնակցության միջազգային դատարանի որոշման հետ, և սա լրջագույն մարտահրավեր է շարունակելու մնալ ցանկացած ՍԴ-ի համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական մանդատին, ապա, ըստ նրա, օրենքում չկա պահանջ՝ հրաժարվելու պատգամավորական մանդատից թեկնածուի կարգավիճակում: Մանդատից հրաժարվելու պահանջ կա, երբ արդեն ընտրվել ես դատավոր, որովհետև անձը չի կարող միաժամանակ գտնվել երկու երդումների ներքո: