Ինչպե՞ս է Սաթիկ Սեյրանյանը խոսելու լրագրողներ...

Օրերս Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր հեղինակային «Մուրազի ժամ» վերլուծական հաղորդման ընթացքում անդրադարձ էր կատարել 2018 թվականի իրադարձություններին և ընդդիմադիր դաշտում այսօր առկա իրավիճակին։ Ինչպես սպասվում էր, այդ թողարկումից հետո կայքի խմբագիրը թիրախավորվեց ՀՀԿ-ական քարոզամեքենայի կողմից։ Սա բնական է, քանի որ Հայաստանում քաղաքական ուժերը սովոր չեն լսել քննադատություն (իրենց գնահատմամբ՝ անարդար) և քննադատության դեմ պայքարում են ցանցում գործող «մարտական շներով», որոնք պատրաստ են նույնիսկ սեփական ընտանիքը դնել թիրախի տակ, միայն թե գոհացնեն իրենց շեֆերին։

Որքան էր զարմանքը, որ լրագրողի/խմբագրի դեմ արշավին միանում են այլ լրագրողներ։ Որքան էլ դժվար լինի սրա մասին հրապարակային խոսեըլ, բայց պետք է բարձրաձայնել, որ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խմբագրությամբ գործող 168․am կայքը մասնակցում է լրագրողի դեմ իրականացվող արշավին։

168․am կայքում հրապարկվել է Politik.am կայքի խմբագրի հասցեին էժանագին մի գրառում, որտեղ բացի վիրավորանքից ու զրպարտանքից, այլ բան չես կարող գտնել։ Գրողի մոտիվացիան հասկանալի է՝ շեֆն ասել է, ուրեմն պետք է անես, հակառակ պարագայում՝ գործազուրկ կդառնաս, բայց անհասկանալի է Սաթիկ Սեյրանյանի խմբագրությամբ գործող կայքի վարքագիծը։ Մի՞թե Ժուռնալիստների միության նախագահի բարձր կոչում ունեցող տիկին Սեյրանյանի պատկերացումները խոսքի ազատության պաշտպանության մասին, մարդու արժանապատվության հարգման մասին, լրագրողական համերաշխության մասին այսպիսին են։ Ցավալի է, եթե այդպես է։ Դժվար է պատկերացնել, թե այս միջադեպից հետո ինչպե՞ս է Սաթիկ Սեյրանյանը խոսելու լրագրողների իրավուքնների պաշտպանությունից, եթե մի իրավունք խախտող էլ ինքն է։ Սաթիկ Սեյրանյանն, իհարկե, կարող է շարունակել խոսել լրագրողների իրավունքներից, բայց ինչպե՞ս է լինելու դրա ընկալումը, սա է հարցը։ Թե չէ՝ Աշոտ Մելիքյանը, Գեղամ Վարդանյանն ու Բորիս Նավասարդյանն էլ են խոսում լրագրողների իրավունքից։