Ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը հետին ամսաթվով ստո...

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։ «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները: Որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա. որոշումը բաց հրապարակված է»,- նշեց նա։ Արձագանքելով այն հարցին, թե ինչքանով է վնասակար դրա կիրառումը՝ նախարարն ասաց, «Ես չեմ դրա գնահատողը. կա մասնագիտական կառույց, որը, ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՝ չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»: Ավանեսյանը նշեց, թե կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ. «Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ չի կարծում, որ դրա համար հատուկ հիմնավորում պետք է ներկայացնի. «Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»: