
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո տարբեր կողմեր, այդ թվում՝ երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս, խոսքը մեր թշնամիների մասին է, ամենատարբեր գնահատականներ սկսեցին հնչեցնել։ Ինձ մոտ առնվազն տպավորություն էր, որ ասուլիսից հետո «կոնսենսուս -1» է ձևավորվել և «-1-ը» Ռոբերտ Քոչարյանն էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ չեն կարողանում «կիսել» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները։
Խամոյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ընտրությունների մասին, ինչպես նաև փողոցային պայքարում ունենալիք դերի մասին, ասել է, որ և՛ արտահերթ ընտրությունների դեպքում, և՛ հերթական ընտրությունների դեպքում, և փողոցային պայքարի դեպքում՝ զգալի մասնակցություն է ունենալու իր ղեկավարած ուժը։
«Այս հայտարարությունից հետո եղան տարբեր գնահատականներ, հատկապես ընտրությունների մասով։ Ինձ համար անհասկանալի գնահատականներ են, որովհետև 2-րդ նախագահը քաղաքական երեք սցենար մատնացույց արեց և շատ հստակ ընդգծեց, որ երեք սցենարի դեպքում էլ «Հայաստան» խմբակցությունը, իր գլխավորած ուժը զգալի մասնակցություն է ունենալու։ Դրանից հետո եղան գնահատականներ, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից։ Նորից եմ ասում, ինձ համար անհասկանալի են այդ գնահատականները։ Չնայած մեր արձագանքի բացակայությանը՝ դրանք ստացան շարունակական բնույթ։ Այս պայմաններում՝ ես չեմ կարծում, որ որևէ մեկի համար տարօրինակ էր, անսպասելի էր կամ զարմանալի, որ արձագանք կլիներ նաև երկրորդ նախագահի կողմից, այս դեպքում արդեն գրասենյակի ղեկավարի կողմից»,- նշեց նա։