Ի՞նչ վստահություն, որ այս անգամ էլ Փաշինյանը...

Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա ապրիլ ամիսին պրոցեդուրալ հրաժարականը, որը ըստ էության, իրավական լուծումն է արտահերթ ընտրությունների հասնելու համար, խորհրդարանական ընդդիմության կողմից բավական պոզիտիվ կերպով ընդունվեց, ինչը բավականին զարմանալի է, եթե անկեղծ ասենք, ու դժվար տեղավորելի քաղաքական պայքարի դասական պատկերացումներում։

Զարմանալի է այն առումով, որ խորհրդարանական ընդդիմությունը բավական շուտ կերպով մոռացավ այն, որ նոյեմբերի 9-ից հետո օրակարգային հարցը ոչ թե Փաշինյանի պրոցեդուրալ հրաժարականն էր, այլ փաստացի հեռացումը իշխանությունից։ Զարմանալաի է նաեւ այն առումով, որ խորհրդարանական ընդդիմությունը, որ ամեն վայրկյան միշտ սպասել է, որ Փաշինյանը «քցելու» է իրենց, ու այդ վիճակում ապրել ու գործել է երեք տարի մոտավորապես, հիմա այսքան հեշտությամբ համաձայնում է պայմանավորվել Փաշինյանի հետ։

Ինչ վստահություն, որ այս անգամ էլ Փաշինյանը «խասյաթի» համաձայն չի «քցի» ընդդիմությանը։ Ի վերջո, բոլորին հայտնի է, որ Փաշինյանն ունի անհավասարակշիռ եւ փոփոխական բնավորություն, ինչը երեւաց թեկուզ այն բանում, որ մեկ հայտարարում էր, որ ընտրություններ լինելու են, մեկ ասում, որ դրանց անհրաժեշտությունը չկա։ Խորհրդարանական ընդդիմությունը, մեղմ ասած, չափազանց միամիտ գտնվեց, որ համաձայնեց պայմանավորվել Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որովհետեւ դեռ չգիտենք, թե մինչեւ հունիսի 20-ը Փաշինյանն էլ ինչեր կարող է «մոգոնել» ու խուսափել ընտրություններից։

Օրինակ, նա կարող է հրաժարական տալ, մնալ ժամանակավոր պաշտոնակատար, սակայն հայտարարել, որ օրինակ կորոնավիրուսային հիվանդության վարակման թվերը կտրուկ աճ են արձանագրում եւ առկա է համաճարակային անբարենպաստ ֆոն, եւ հարկավոր է խստացնել կարանտինային պայմանները, իսկ նման պայմաններում ընտրություններն անցկացնելը անթույլատրելի է եւ պետք է ժամանակավորապես այն հետաձգել, օրինակ՝ մի վեց ամսով։ Հատկապես, որ իշխանությունները կարծես թե սկսել են ավելի ու ավելի բարձրաձայն խոսել այն մասին, որ հակակորոնավիրուսային սահմանափակումները պետք է խստացնել։ Իհարկե, զուտ տրամաբանորեն հետաձգելը անիմաստ է, քանի որ չկան հիմքեր, որ Նիկոլ Փաշինյանը ասի՝ «прорвемся» եւ ժամանակ ձգի։

Այսինքն, չկան հիմքեր, որոնք նրա մոտ հույսեր արթնացնեն, որ «այ սա այս կերպ եթե դասավորվի» ապա ինքը կկարողանա ինչ որ կերպ շարունակել մնալ իշխանության ղեկին։ Սակայն սա ընդամենը մարդկային առողջ տրամաբանությամբ, բայց ոչ երբեք փաշինյանական տրամաբանությամբ, որը ամեն բացվող օրվա հետ պատրաստ է մի «մեյմունութուն» հորինելու, որպեսզի այդ օրն էլ դրանով կերակրի հասարակությանն ու քաղաքական դաշտին եւ մնա իշխանության ղեկին։