
Երեւանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա: Այս մասին տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարարությունը եւ հիշեցնում.
հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
1. Դիմում` ուղղված տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը եւ պատճենը,
4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաեւ երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:
Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կատարել հետեւյալ հղմամբ՝ https://bit.ly/2HokL5g:
Հիշեցնենք, որ այս տարի երեւանյան դպրոցներ ընդունվելու համար առաջին դասարանցիների հերթագրումն իրականացվում է առցանց: Համակարգը գործարկվել է մայիսի 15-ին: Կանխատեսվում է, որ առաջին դասարան ընդունվելու համար դիմողների թիվը կլինի 13 հազարի սահմաններում: Դպրոցներում լիցենզիոն տեղերի քանակը շուրջ 15 հազար է: Ծրագիրը փորձնական է: Հետագայում նախատեսվում է կիրառել ամբողջ Հայաստանում եւ ոչ միայն առաջաին դասարանցիների ընդունելության ժամանակ: