Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը։ Այն, որ Օսիպյանը ՀՀ Ոստիկանապետի պաշտոնից հեռանալուց հետո չէր պաշտոնավարելու այլեւս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում հասկանալի էր ինքնին։
Նա փաստորեն երկրորդ խոշոր ուժայինը դարձավ, որ հրաժեշտ տվեց իշխանափոխական թիմին։ Առաջինը, Արթուր Վանեցյանն էր, ով ավելի վաղ էր հեռացել ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ճակատագրի հեգնանքով թե այլ դիպվածով, Նիկոլ Փաշինյանի երկու «նորաթուխ» գեներալներն էլ, պարզ խոսքով ասած, հեռացան նրա ճամբարից։ Ընդ որում, եթե Վանեցյանը հեռացավ «աղմուկով», քաղաքական հայտարարությունով, ապա Օսիպյանը խոստացավ դեռ խոսել ու հեռացավ լուռ, փորձված խուզարկուի նման հուշիկ քայլերով։
Ասում են, թե հեռացողների շարքում նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է։ «Սպասենք տեսնենք»,- ասում է ժողովդրական խոսքը։
Ու մինչ կսպասենք, արձանագրենք, որ այլեւս անհնար է ծածկել այն, որ իշխանության ներսում ամեն բան չէ, որ հարթ է, կամ ոչ մի բան էլ հարթ չէ իրականում, ու այս հեռացումները դեռ սկիզբն են։ Անհնար է նաեւ ծածկել խնդիրը, ասելով, թե վարչապետը դժգոհ է եղել, դրա համար հեռացել է։
Իշխանափոխական էյֆորիայով ոգեւորված, ու այդ ոգեւորությամբ սթափությունը կորցրած զանգվածին գուցե դա համոզիչ թվա, սակայն ամեն դեպքում անհամոզիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դժգոհ լինել նրանցից, ովքեր իշխանափոխության օրերին օգնել են իրեն՝ տվյալ պահին բարիկադի հակառակ կողմում գտնվելով հանդերձ։
Արթուր Վանեցյանի՝ հեղափոխությանն աջակցելու մասին նույնիսկ հայտարարություն է հնչել հեռուստատեսությամբ, հիմնավորելու համար նրա նշանակումը, իսկ Վալերիյ Օսիպյանի «տիեզերական համբերությունը» հասարակության աչքի առաջ է եղել իշխանափոխության օրերին։ Ի դեպ, հենց այդ համբերությունը կօգնի Վալերիյ Օսիպյանին հաղթելու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հայտնի խոսք է, «ով համբերում է, նա կապրի»։
Այս հեռացումները եւ հատկապես՝ Օսիպյանի հեռացումը, ազդարարեց, որ գործող վարչապետը սկսել է իշխանության ներսում բավական լուրջ վերաձեւումների գործընթաց։ Թե դրանք ուր կտանեն, դժվար է ասել, սակայն ենթադրելի է, որ հնարավոր է բավականին կոշտացվի իշխանության ներքին քաղաքականությունն առհասարակ, հատկապես, որ առջեւում բավակաբ լուրջ խնդիրներ կան դրված իշխանության առաջ, ի դեմս Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման խնդրի եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, եւ Ամուլսարի հարցով, գոնե հանրայնացվեց, որ կա սահմանված նաեւ «դեդլայն», ինչը ասել է, որ մինչեւ գործնականում աշխատանքների մեկնարկը, բոլոր խնդիրները պետք է վերացված լինեն, խոչընդոտները ճանապարհներից հեռացված, իսկ դա անհնար է առանց ներքին քաղաքականության կոշտացման, հարկ եղած դեպքում, թեկուզ ոստիկանական կոշտ ուժի կիառման, ինչի այսպես ասենք՝ «գլխավոր փորձը» կարելի է համարել Իջեւանի դեպքերը։



