Ի՞նչ կզիջի Փաշինյանը ռուսներին

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազի գինը սպառողների համար չի թականա։ Նա նաև ավելացրեց, որ գազի գինը կարող է «Գազպրոմ» ընկերությունը թանկացնել իր դուստր ձեռնարկության «Գազպրոմ Արմենիա»-ի համար, սակայն այն չի անդրադառնա Հայաստանի սպառողներին։ Վարչապետը նաև ֆիքսել էր, որ այս պայմանավորվածությունները գործելու են 2019 թվականին, և ինքը հույս ունի, որ մեկ տարի անց կկարողանան երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերել․«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019 թվականին գազի սակագինը սպառողների համար չի բարձրանա։ Մենք մեկ տարի ունենք Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵԱՏՄ գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելու և խնդիրը երկարաժամկետ հեռանկարում լուծելու համար»,-ասել էր Փաշինյանը։

ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն այսօր հայտարարել է , որ մինչև հուլիսի 1-ը կողմերն անցկացնելու են ներքաղաքական անհրաժեշտ կոնսուլտացիաներ՝ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող բնական գազի գները կազմելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար:

Այնպես որ հավանական է` հենց այս տարի նոր պայմանագիր կնքվի գազի գնի վերաբերյալ։  Իհարկե, հայկական կողմը կարող է հասնել նրան, որ ռուսական կողմը չթակնացնի գազը։ Սա իհարկե քիչ հավանական, բայց հնարավոր տարբերակ է։  Գազի գինը Ռուսաստանի Դաշնության համար միշտ էլ գործիք է եղել այլ երկրների վրա ազդեցություն գործելու և զիջումներ կորզելու համար։ Գազի գինը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա ու անդառնալի հետևանքներ կունենա հնարավոր թանկացման դեպքում։  Այնպես որ Փաշինյանը պետք է փորձի անել ամեն բան, որպեսզի պահպանի գազի նախկին սակագինը։ Իսկ թե ինչ է զիջելու դրա դիմաց, կիմանանք մոտ ապագայում։