Ի՞նչ կլիներ, եթե Արցախի իշխանությունը հրաժարվ...

Արցախում չգտնվածներիս համար, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մինչև խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը մուտք գործեին Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Արցախի նախագահի հրամանագիրը` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման և Հանրապետության գոյության դադարեցման վերաբերյալ շատ քննարկվեց:

Այն, որ այդ հրամանագիրն աբսուրդի ժանրից էր և, առհասարակ, նման հրամանագիրը չէր էլ կարող օրինական լինել, նույնիսկ քննարկման առարկա չէ: Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա, մեղմ ասած, ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էին դա չեղարկելու ճանապարհները:

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է: 

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց:
Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հազարից ավելի մարդ կար:

Մեզ` Արցախում չգտնվածներիս համար, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մինչև խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը մուտք գործեին Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր: Այս տեսանկյունից արցախցին ինքը միայն օբյեկտիվ գնահատական կարող է տալ ստեղծված իրավիճակին, ադրբեջանական պարտադրված շանտաժին և որպես դրա հետևանք` նախագահի հրամանագրին:

Բարոյական տեսանկյունից, այս պահին բարդ է արցախցու փոխարեն այս կամ այն պնդումն անել, որովհետև իրավիճակի ողբերգությունն ու դրա դրսևորումներն ակնհայտ էին:

Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից՝ թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները», - գրել է նա։