Իրանը, իր էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու դեպքում, կգրոհի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հետ կապված բոլոր նմանատիպ օբյեկտների վրա: Այդ մասին հունիսի 8-ին հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրին։
«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա գրոհների շարունակվելու դեպքում Իսրայելի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների հետ կապված բոլոր նավթագազային օբյեկտները, այդ թվում՝ տարածաշրջանային էներգետիկ օբյեկտները, կդառնան Իրանի զինված ուժերի թիրախ», - գրում է գործակալությունը։
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Իրանի պոտենցիալ թիրախները տարածաշրջանի այն նավթային ու էներգետիկ ընկերություններն են, որոնք ամերիկացի կամ իսրայելցի բաժնետերեր ունեն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական համալիրին հասցված ավիահարվածների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան գրոհ են իրականացրել Հայֆայի նավթաքիմիական գործարանի վրա։



