Մինչեւ ամփոփումը չլինի եւ արգելանք չդրվի անձանց գույքի վրա, լրագրողները, ցանկացած այլ մարդիկ տեղեկանալ չեն կարող որեւէ ուսումնսիրության առկայության կամ բացակայության մասին, որովհետեւ օրենքով կա արգելք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, որը համակարգել է ինքը:
Դիտարկմանը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով դատախազությունը երբեմն անհաջողության է մատնվում դատարանում, Գալյանը նախ խնդրեց նշել գեթ մեկ դեպք, որ դատախազությունը այդ գործերով դատարանում պարտվել է, ապա հավելեց. «Դատախազությունն ունի երեք դատական ակտ, որոնցով բավարարվել են հայցադիմումները, դրանք դեռ օրինական ուժի մեջ մտած չեն եւ բողոքարկման փուլում են»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ անձը, ասենք, 2 տարի առաջ է պաշտոն ստանձնել, բայց նրա գույքն ուսումնասիրելիս հասնում են մինչեւ ԽՍՀՄ-ի շրջան, ուսումնասիրում են իր հոր, պապերի ունեցվածքը, Գալյանը պատասխանեց. «Օրենքը հնարավորություն է տալիս հետ գնալ որպես կանոն մինչեւ 10 տարի, իսկ ավելի վաղ ձեռքբերված ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման պարագայում գնալ ավելի հետ, բայց ոչ, քան 1991 թվականը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը վիճարկվում է ՍԴ-ում, եւ ինչ է լինելու, եթե ՍԴ-ն այն հակասահմանադրական ճանաչի, նորանշանակ նախարարն ասաց. «Եկեք առաջ չընկնենք, տեսնենք՝ ինչ կորոշի ՍԴ-ն: Դատարանները եղել են այն կարծիքին, որ ՍԴ-ում դիմումի քննությունը չի խոչընդոտում գործերի հետագա քննությանը»:
Նրա խոսքով, եթե ՍԴ-ն այն ճանաչի հակասահմանադրական եւ այդ պահի դրությամբ լինեն ուժի մեջ մտած դատական ակտեր, ապա քննարկվի նաեւ այդ հարցը: Նա հիշեցրեց, որ այս պահին ուժի մեջ մտած վճիռներ չկան: