Ինչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի...

Ռուսական մամուլում բավական ակտիվ են հայաստանյան ներքաղաքական կյանքի նկատմամբ։ Հրապարակվում են հոդվածներ, փորձագիտական կարծիքներ, արվում կանխատեսումներ։ Ընդհանուր մոտեցումը, դատելով, դրանց բովանդակությունից հետեւյալն է․ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխությունն անխուսափելի է, քանի որ գործող իշխանությունները թույլ են տվել այնպիսի աններելի սխալներ, որոնցով պայմանավորված, նրանց հետագա լինելիությունը իրենց ներկայիս կարգավիճակում, առնվազն անհնարին է։

Թեեւ հաշվի առնվում է իհարկե, որ ընտրական գործընթացն իր մեջ անկանխատեսելիություն է պարունակում եւ հատկապես հայաստանյան հասարակության մեջ տիրող ներկայիս հակասական տրամադրությունների պայմաններում անհնար է 100 տոկոսանոց վստահությամբ կանխորոշել ընտրությունների ելքը, սակայն ամեն դեպքում, համարվում է քիչ հավանական այն, որ Ղարաբաղյան պատերազմում պարտություն կրած, ազգային իղձերի եւ երազանքների մի ստվար մասը թաղած, աններելի սխալներ եւ աղետալի բացթողումներ ու թերացումներ ունեցած լիդերը եւ նրան սատարող ուժը կարող են կրկին հայտնվել իշխանական աշխատասենյակներում։

Բավական մեծ իրատեսականությամբ ֆիքսվում է, որ հիմնական պայքարը ընթանալու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլի» միջեւ։ Ու եթե, ըստ ռուսական մամուլի, Փաշինյանը քիչ բան ունի առաջարկելու էլեկտորատին եւ առավել քիչ բան ունի հպարտանալու, ապա Քոչարյանը, որն արդեն մեկ անգամ իրեն դրսեւորել էր որպես լավ կառավարիչ, ունի հստակ սահմանված նախընտրական ծրագիր եւ դրանք կյանքի կոչելու մեխանիզմներ։ Իսկ ինչ է առաջարկում Քոչարյանը։

Ըստ էության, եթե հարցին նայենք ավելի գլոբալ փիլիսոփայական հայացքով՝ Հայաստանի երկրորդ նախագահն առաջարկում է հույս, լավատեսության եւ սեփական ուժերի վրա ունեցած վստահության վերականգնում, իսկ արդեն զուտ ծրագրային առումով՝ ամուր եւ հուսալիորեն պաշտպանված սահմաններ, անվտանգության անխոցելի համակարգ, տնտեսական զարգացում, երկրի համար՝ կանխատեսելիություն, կայունություն, հուսալիություն եւ առաջընթաց, եւ ինչը ամենից կարեւորն է՝ գործող իշխանության գործած սխալների շտկում կամ ուղղում, եթե իհարկե այդ սխալները չեն հատել անդառնալիության կարմիր գիծը: