Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրան...

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։

Ի՞նչ հնարավորություն կտա բարեփոխումը ԱՏԳ մասնակիցներին

Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության  և հերթերի:

Ի՞նչ  առանձնահատկությունների մասին պետք է տեղյակ լինել գործիքակազմից օգտվելու համար

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանման  մաքսային ձևակերպումները հիմնականում իրականացվում են Երևանում և Վանաձորում տեղակայաված մաքսային մարմիններում, ինչպես նաև պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում, ուստի, արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին.

  1. Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․
  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036),
  • «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007):
  1. Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․
  • Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030),
  • Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։

Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար

  1. Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․
  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036),
  • «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007),
  • ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030),
  • ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։ 
  1. Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։

Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում: