«Իմքայլականները» պետք է հասկանան՝ ԱԱԾ-ն լուրջ...

Օրեր առաջ «Առավոտը» գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվել են վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ: Այնուհետ խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը հերքել էր լուրը՝ այն որակելով ապատեղեկատվություն: Լրագրողը ցույց էր տվել նյութի հավաստիությունն ապացուցող ձայնագրություն: Այս միջադեպը, սակայն, հեշտ չի մոռացվել «Իմ քայլը» խմբակցությունում և տարատեսակ  քննարկումների առիթ է տվել: «Իմքայլական» պատգամավորները սկսել են տարբերակներ մտածել՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու, այդ թվում՝ ԱԱԾ-ին դիմելու՝ լրագրողների աղբյուրները բացահայտելու համար, այս մասին գրել էր Factor.am-ը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը Politik.am-ի հետ զրույցում նշեց՝ այդ հարցով ԱԱԾ-ին դիմելը բացարձակ աննորմալ է համարում:

«Այստեղ մի քանի հարց կա՝ նախևառաջ «իմքայլականները» պետք է բավականաչափ դաստիարակաված լինեն, որ իրար վրա գոռալով չխոսեն, որպեսզի լրագրողներն էլ հնարավորություն չունենան ձայնագրել: Երկրորդը այն է, որ «Իմ քայլը»-ի պատգամավորները պետք է հասկանան՝ ԱԱԾ-ն պետական լուրջ կառույց է, և ոչ թե իրենց կապրիզները սպասարկող մարմին:  Ի վերջո, երբ ԱԱԾ-ն ինչ-որ բանով զբաղվում է, պետական փողեր են ծախսվում: Ես կարծում եմ, որ մարդիկ պարզապես հայտնվել են պետության ղեկավարության մեջ՝ առանց հասկանալու՝ ինչ է պետությունը: Կարճ դիագնոզը դա է»,-ասաց Ենոքյանը:

Անդրադառնալով հարցին, թե լրագրողը որևէ էթիկական խախտում արե՞լ է՝ ձայնագրելով խոսակցությունը, մեդիապաշտպանը ասաց.«Էթիկայի խախտում բացարձակ չկա: Դա լրագրողի պրոֆեսիոնալ գործն է: Նա պարտավոր է գտնել նմանատիպ հետաքրքիր արտահոսքեր: Առանց դրա մամուլը կլիներ պարզապես պաշտոնական ուղերձներ արտատպող գործիք: Սա պարզապես ցույց է տալիս լրագրողի պրոֆեսիոնալիզմը, որն իր աշխատանք ճիշտ է կատարել»: