«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ կարճ ժամանակով է անդամակցել ՀՀԿ-ին, և իր անդամակցությունը եղել է «ֆիկտիվ»․«Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռևս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար և նկարվել ենք, և նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթևի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ խնդրանքով, չեմ ասի անունը, մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչև 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել եմ ՀՀԿ-ին»:
Պապոյանի այս հայտարարությունը բարկացրել է ուսանողական տարիներին իրեն ճանաչողներին։ Պապոյանի ուսանողական տարիների մտերիմներից Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Որոշել էի չխոսել այս թեմայով` հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում ընդհանուր ընկերներ, սակայն եթե դիմացի կողմը ուրանում է իր անցյալն ու ընկերներին, ապա…
Այսօր Նիկոլի պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և որ 2007 թվականից դուրս է եկել կուսակցությունից, նշելով, որ իր ընկերներից մեկի խաթր է անդամակցել ՀՀԿ ին:
Թերևս նորմալ է, որ ստախոս վարչապետն ունի իր թիմում ստախոս պատգամավորներ, բայց այս մեկին չպատասխանել չկարողացա:
Ես 2007-2010թթ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին ոչ թե իր ընկերներից մեկի խաթր, այլ բառացի եմ ասում` նրա հայրը, ով մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի, որ գյուղի խեղճ տղա է ընդգրկեն ՈՒԽ շարքերը և ակտիվացնեն:
Դրանից հետո նա ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին, ասեմ ավելին` ես եմ եղել կազմակերպիչը 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք «Քոռ Լևոն» բացականչելով կանգնել էինք ԼՏՊ-ի տան դռան մոտ, նա նույնպես եղել է ինձ հետ: Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին` հացն ու ջուրը ինքն է բերել»,-գրել է Մանթաշյանը։



