Իմ անունը տարածվեց իբրև Ադրբեջանի հակառակորդ....

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գրասենյակում մենք կազմակերպեցինք տարբեր հանդիպումներ ամենաբարձր մակարդակի կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսակցության միակ նյութը COP29-ի եւ Ադրբեջանում մրդու իրավունքների խախտումների մասին էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Մատենադարանում «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Այն մասին էր, թե ոնց անենք, որ թե ազերի բանտարկյալները, թե հայ բանտարկյալները ազատ արձակվեն COP29-ից առաջ: Այդ նյութը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում: Անգլիական թերթերը մի քանի կոպեկով պատրաստ են տպագրել այդ աղմուկը, թե ոնց են անում հայերը, որ ձախողեն COP29-ը, մանավանդ Սփյուռքի հայերը, մանավանդ ես: Իմ անունը բավական տարածվեց իբրև իրենց հակառակորդ: Ուրեմն ես չեմ կարողանալու ապագայում արձակուրդներին Ադրբեջան գնալ, ըստ երեւույթին»,- հեգնեց Աֆեյանը:

Նա շարունակեց. «Եթե այս ամենի արդյունքը պետք է լինի Ռուբենի (Ռուբեն Վարդանյանի-խմբ) և մյուսների ազատումը, դա լավ կլինի: Ադրբեջանն արդեն արգելել է զանազան լրագրողների, մարդու իրավունքներով զբաղվող գործիչների, որ չկարողանան Բաքու գնալ COP29-ի ժամանակ, որովհետեւ նրանք այնտեղ բացասական ձեւով խոսելու են Ադրբեջանի գործերի մասին»: