ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։
Ալիևի խոսքերին կոշտ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:
«Շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը:



