Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի իմ հայ ժողովուրդ։ Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն, ինչ կանխատեսել և ասել էի իմ ընկերներին։ Շատերը թերևս հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը առավել ևս առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող և հենց դա էր պատճառը, որ ընդամենը երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը և ընդամենը մի քանիսը հավաքեցին 1% և քիչ ավելի ձայն, ինչը և ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3մլն բնակչություն ունեցող երկրի համար աննորմալ երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին, օրվա խորհրդով, անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
1. Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը։
2. Ժողովուրդը Հայաստանում մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան։
3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու, ազատ խոսելու, ազատ գործելու և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։
4.Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։
5, Շնորհավորելով և ՔՊ-ին, և Հայաստան դաշինքին, պետք է արձանագրենք, որ ի վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ քաղաքացու քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը և ըստ որում անկախ նրանից ինչքանով և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները։ Դա արդեն առանձին խոսակցության նյութ է, քանզի պետության և հասարակության խնդիրն է շարունակական բարեփոխումներով երաշխավորել հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։



