Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում:

Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է

«Հարգելի պարոն Վոքիե,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր դինամիկա ունեն ոչ միայն բարձրագույն քաղաքական մակարդակում, այլև ապակենտրոնացված համագործակցության տրամաբանության մեջ:

Իհարկե, շատ բարդ ժամանակահատվածում ենք գտնվում, և շատ բարդ ժամանակներ են ապրում մեր երկիրը և տարածաշրջանը: Այս առումով նման այցերը նաև շատ կարևոր բարոյական ուժ և աջակցություն են, այդ թվում՝ քաղաքական: Ուզում եմ հատուկ ընդգծել Ձեր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և Սյունիքի մարզ կատարած այցելության կարևորությունը և, իհարկե, Ձեր հղած ուղերձները մեր ունեցած իրավիճակների վերաբերյալ:

Կուզենամ լսել նաև Ձեր տպավորություններն այցից: Հուսով եմ՝ նկատել եք, որ ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ մենք շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում հանրապետությունում, այդ թվում՝ Սյունիքի մարզում. հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ, որովհետև մեր մոտեցումն այն է, որ ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք: Վերջերս Սյունիքի մարզում նաև տրվեց Եվրամիության ներդրումային և տնտեսական ծրագրի իրականացման մեկնարկը, ինչը չափազանց կարևոր է: Նաև հույս ունենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության և անվտանգության գործոն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ»: