
Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ իր զորքերն է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում մասնակցելու համար, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA):
KCNA-ի տվյալներով՝ զորքերի տեղափոխումը իրականացվել է «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով»՝ երկու երկրների միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի համաձայն։
«Կուրսկի մարզի ազատագրման գործողությունները՝ Ուկրաինայի իշխանությունների անխոհեմ ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու համար, հաղթականորեն ավարտվել են», - ասվում է KCNA-ի հայտարարության մեջ։
Այնտեղ նաև հավելվում է, որ ԿԺԴՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցել են գործողություններին «պետության ղեկավար Կիմ Չեն Ընի հրամանի համաձայն»։
Շաբաթ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Վլադիմիր Պուտինին զեկուցելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին, հայտարարել է, որ «հյուսիսկորեացի զինվորականները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում»։
Գերասիմովի հայտարարությունը ԿԺԴՀ զորքերի Ռուսաստան տեղափոխման առաջին պաշտոնական հաստատումն էր։