Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարա...

Այսօր ԿԺԴՀ-ի արձակած երկու բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովը, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կմ: Այս մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:

Ինչպես հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, ենթադրաբար, «դրանք թռել են փոփոխվող հետագծով»։ Ներկայում վարչությունը շարունակում է վերլուծել արձակման մասին տեղեկատվությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։ Ինչպես նշում Է նախարարությունը, ձկնորսական նավերին հասցված որևէ վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել։

Միևնույն ժամանակ Yonhap գործակալությունը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին, նշում է, որ հրթիռներն արձակվել են հյուսիսային Հվանհաե նահանգի Չունհվայի շրջանից։

Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ դեսանտի ափհանման համատեղ  զորավարժություններից և ամերիկյան ավիակիրի տեղափոխումից ժամեր առաջ:

Սա արդեն տասներորդ հրթիռային արձակումն է տարեսկզբից ի վեր, որոնցից ութի դեպքում ԿԺԴՀ-ն փորձարկել Է բալիստիկ հրթիռներ։ Փետրվարի 18-ին և մարտի 16-ին Փհենյանը հաջողությամբ արձակել Է «Հվանսոն-15» և «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: