Իրանը Ռուսաստանի հետ միասին պետք է հակազդի ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի՝ տեղեկատվական տարածքում երկու երկրների կերպարը խեղաթյուրելու փորձերին՝ զարգացնելով համագործակցությունը ԶԼՄ-ների միջև։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Մոհամմադրեզա Նոուրուզպուրը։
«Իրանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների միջև համագործակցության հնարավորությունները շատ են. ընդհանուր մշակութային և քաղաքական շահեր, արտաքին քաղաքականություն, աշխարհակարգի մեր ընդհանուր տեսլականը, հեգեմոնիայի և խոշոր տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գերիշխանության ձգտման հակազդումը: Մենք նպաստում ենք նրան, թույլ չտալու համար օտարերկրյա ուժերին միջամտել մեր տարածաշրջանի գործերին, և ձգտում ենք լուսաբանել մեր հասարակությունների իրողությունները, որոնք ամերիկյան և արևմտյան երկրներում հաճախ խեղաթյուրվում են, ինչի պատճառով ոչ արևմտյան պետությունների կերպարը ներկայացվում է անբարենպաստ լույսի ներքո»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը կարող են արդյունավետորեն համագործակցել այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ֆոտոլրագրությունն է։
«Լուսանկարչական արվեստում հիանալի հնարավորություն կա ֆոտոնկարիչների համար՝ աշխարհին ցույց տալու իրենց երկրների կերպարն այնպիսին, ինչպիսին այն իրականում կա՝ թույլ չտալով ԱՄՆ-ին և այլ տերություններին խեղաթյուրել այդ կերպարը և զրկել այն մարդկային դեմքից»,- նշել է Նոուրուզպուրը։
Փոխնախարարը հայտնել է, որ ՌԴ կատարած նախորդ այցի ընթացքում հրավիրել է ռուսական որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելել Իրան՝ հույս հայտնելով, որ դա շատ շուտով տեղի կունենա։
«Իրանը և Ռուսաստանը երկու մեծ երկրներ են, որոնք ունեն համագործակցության ընդհանուր ոլորտներ ամենատարբեր բնագավառներում, այդ թվում՝ մշակույթի, արվեստի և զանգվածային լրատվության միջոցների»,- եզրափակել է նա։



