Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը ընթրիք է կազմակերպել սկանդինավյան երկրների կառավարությունների ղեկավարների համար։ Միջոցառումը ոչ պաշտոնական էր, հիմնական թեմաները Թրամփի հայտարարություններն էին Գրենլանդիայի եւ նոր աշխարհակարգի մասին, հայտնել է TV2 հեռուստաալիքը։
Ընթրիքին հրավիրված էին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն եւ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը։
«Ես կարող եմ կրկնել թագավորության ուղերձը. Գրենլանդիան չի վաճառվում, եւ մենք ցանկանում ենք պահպանել մեր Համագործակցությունը [Դանիան, Գրենլանդիան եւ Ֆարերյան կղզիները] այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիան դա ցանկանում է»,- ասել է Մեթե Ֆրեդերիկսենը TV2-ին: «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ Միացյալ Նահանգների հետ ամուր դաշինք ունենալու համար»։
Վարչապետը նաեւ նշել է, որ իր կառավարությունը կապեր է պահպանում Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ եւ նրա հետ քննարկում է Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության հարցերը։ «Դանիան լավ դաշնակից է եղել, մենք լավ դաշնակից ենք եւ մտադիր ենք այդպիսին մնալ»,- ավելացրել է Ֆրեդերիկսենը:
Ընթրիքից հետո Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը X-ում տեղեկացրել է քննարկված հարցերի մասին. «Ընթրիքի ընթացքում խոսակցությունը Կոպենհագենում Դանիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի մտերիմ ընկերների եւ դաշնակիցների միջեւ տարածաշրջանային անվտանգության, Բալթյան ծովային անվտանգության, ներառյալ ընթացիկ մալուխային միջադեպի եւ Ուկրաինայի աջակցության մասին էր»։
TV2 հեռուստաալիքի հարցազրույցում Ֆրեդերիկսենը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է խոսել այլ երկրների ղեկավարների հետ եւ այցելել մի քանի գործընկերների։