Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ջավախահայության համար կարևոր նշանակություն ունեցող Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածի շինարարությունը սկսելու գործընթացի վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը հիմա հարցերի ավելի լայն շրջանակ են քննարկում տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, հիշեցրեց, որ այդ հարցը քննարկել է Վրաստանի թե նախկին, թե գործող վարչապետի հետ: «Վերջին տեղեկատվությունը, որ տվել են այն է, որ գործընթացը մրցույթի փուլում է, և դրա արդյունքում ճանապարհի շինարարությունը կսկսվի: Բայց հիմա մենք հարցերի ավելի լայն շրջանակ ենք քննարկում, որովհետև մենք շատ կարևոր ենք համարում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: Եվ տվյալ համատեքստում մեզ արդեն հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա հատվածը, այլ նաև Բաթումի-Բավրա հատվածը, որովհետև այս պարագայում արդեն 100 տոկոսով իր տրամաբանության մեջ տեղավորվում է մեր Հյուսիս-հարավ նախագիծը: Տվյալ դեպքում մեր առաջարկած տրամաբանությունը հետևյալն է, որ մենք կարողանանք հարցին մոտենալ Բաթումի-Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանին ու Վրաստանին հաջողվում է երկկողմ հարաբերությունները դուրս պահել աշխարհաքաղաքական ազդեցություններից, սակայն, երբ կողմերը քննարկում են ավելի ընդլայնված ծրագրեր, աշխարհաքաղաքականությունը իր ներկայությունն այդտեղ ավելի շոշափելի է ի ցույց դնում: «Եվ գիտեք, թե ինչ կարգի խնդիրների մենք կարող ենք բախվել, ոչ մի գաղտնիք չկա՝ աշխարհաքաղաքական ինչ զգայունություններ ունենք Բաթումիից Բանդերաբաս ընկած այդ տարածաշրջանում: Սրանք այնպիսի նախագծեր են, որոնք մի շաբաթում իրագործելի չեն, դրա համար մենք այս թեման միշտ պետք է մեր օրակարգում ունենանք, պատրաստ լինենք՝ առնվազն հաշվարկների տրամաբանության մեջ դրած, և երբ միջազգային իրավիճակը ինչ-որ պահի առավել բարենպաստ կլինի, ինչում մենք համոզված ենք, իրականացնենք այդ ծրագիրը»,- մանրամասնեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս պահին կարող են մտածել Բաթումի-Հայաստան տրամաբանության մասին. «Եթե մեզ հաջողվի այդ ծրագիրը իրականացնել, ասում են, որ Երևանից Բաթումի կլինի մոտավորապես նույն ճանապարհը, որքան Թբիլիսիից Բաթումի: Ես չգիտեի դրա մասին, չեմ էլ ստուգել, բայց սա շատ ձեռնտու կլինի թե Հայաստանի, թե Վրաստանի համար: Թե ես, թե Վրաստանի վարչապետը սա արձանագրել ենք և մեր առաջիկա շփումների ընթացքում այդ թեմաները կքննարկենք»,- եզրափակեց Փաշինյանը: