ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային եւ համազգային համերաշխության պայմաններում է  երկիրն  ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է.

2018 թ. ժողովրդային շարժումով եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների եւ անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ:

Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը  մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։

Ազգային,  ավանդական, հոգեւոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի եւ հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաեւ ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը եւ միասնականությանը:

Զարգացման  ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի  արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաեւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետեւանքով  զգալի է հանրային լավատեսության անկման միտումը:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է.

ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է  գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով:

Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության եւ ընկերային արդարության հաստատման հրամայականին:

Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի եւ սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետեւողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության  սահմանադրական պահանջի իրականացումը։

Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական լիակատար պետության կայացման: