«Խոսքը ստուգումներ անցկացնելու կամ չանցկացնելու մասին չէ, այլ սուգումներն անցկացնելու ձևի մասին է։ Կրկնում եմ՝ նույն «Առինջ մոլ»-ում շուրջ 50 հոգի բաճկոններով զրահավորված հայտնվել է միաժամանակ։ Իրականում սարսափելի բան տեղի չի ունեցել։ Վստահաբար մեր երկրում շատ ավելի այլ ոլորտներ ու կառույցներ կան, որոնցում կարելի է նման սարսափազդու դեմքով ստուգում իրականացնել, միգուցե շատ ավելի լուրջ բացթողումներ արձանագրեն ու պարզեն, քան որ մտնում են «Առաջին մոլ»»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ «Առինջ մոլ»-ում կատարած ստուգումներին և հարցին, թե պատահակա՞ն է, որ ստուգումները սկսվում են Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, թե դժգոհ է Փաշինյանի թիմից:
Տոնոյանի խոսքով՝ ՊԵԿ աշխատակիցները պարալիզացրել են տոնավաճառի աշխատանքը.«Մարդիկ նաև բարոյահոգեբանական առումով չէին կարող աշխատել, քանի որ 50-ից ավել համազգեստով մարդիկ էին ներխուժել։ Նշվում էր, թե կար անանուն հաղորդագրություն, որ այդտեղ ինչ-որ թերացումներ կան, մասնավորապես՝ իբր տոնավաճառի տնօրինությունը վարձակալությամբ տրվող տարածքները մեկ քառակուսի մետրի համար ֆիքսվածից ավել գին են վերցնում: Դա բացարձակ սուտ է։ «Առինջ մոլ»-ում բոլոր գործարքները կատարվում են օրենքի տառին համապատասխան, այս մասով ապացույցներն արդեն տրված են»։
Պատգամավորն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներին.«Օրեր շարունակ ստուգվում են, մեզ համար արդեն այլևս սովորական են դարձել հարատև ու շարունակական ստուգումները։ Գազալցակայաններում ևս օրենքի տառին անհամապատասխանության որևէ դրվագ չկա, այդտեղ գազի սակագինը պահպանվել է նույնը»։
Իվետա Տոնոյանը հույս հայտնեց, որ նոր Հայաստանում իշխանությունները նախկին իշխանությունների գործելաոճը չեն որդեգրի․ «Նախկին իշխանությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի պատգամավորների կառուցողական քննադատությանը հաջորդում էր իշխանության ձեռքի տակ ունեցած լծակների՝ այլ նպատակներով օգտագործումը։ Հուսով եմ՝ այս իշխանությունների, նոր Հայաստանի պարագայում այս գործելաոճը չի շարունակվի»։



