Հունգարիան մտադիր է Չեխիայի և Սլովակիայի հետ...

Հունգարիան մտադիր է ԵՄ-ում Չեխիայի և Սլովակիայի հետ դաշինք կազմել, որը սկեպտիկորեն կվերաբերվի Ուկրաինային, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը՝ Politico-ի հաղորդմամբ։

Նրա խոսքով՝ Վիկտոր Օրբանը պլանավորում է համագործակցել Անդրեյ Բաբիշի հետ, որի «ANO» կուսակցությունը հաղթել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններում, և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Նման քաղաքական դաշինք կարող է ձևավորվել մինչև ԵՄ առաջնորդների այս տարվա դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը։

Նման միությունը կարող է զգալիորեն բարդացնել ԵՄ ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու համար,  գրում է Politico-ն:

Այնուամենայնիվ, հրատարակությունը կարծում է, որ նման դաշինքի ստեղծումը որոշ ժամանակ կպահանջի: Ռոբերտ Ֆիցոն նախկինում խուսափել է պաշտոնապես համաձայնվել Հունգարիայի առաջնորդի հետ որոշակի քաղաքականության ոլորտներում, իսկ Անդրեյ Բաբիշը դեռևս կառավարություն չի ձևավորել: