Հունգարիան ազատվել է ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի և գազի դեմ սահմանված պատժամիջոցներից, սակայն ԵՄ առաջնորդները ցանկանում են արգելել ռուսական էներգակիրների մատակարարումը ԵՄ բոլոր երկրներ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Օրբանը համաձայնության է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ Հունգարիան կազատվի ԱՄՆ-ի կողմից «Դրուժբա» նավթատարի և «Թուրքական հոսք» գազատարի միջոցով էներգամատակարարումը խոչընդոտող պատժամիջոցների ազդեցությունից։
«Բրյուսելն անմիջապես արձագանքեց: Նրանք հայտարարեցին, որ չնայած Հունգարիան ազատվել է ամերիկյան պատժամիջոցներից, սակայն 2027 թվականից նրանք արգելելու են ռուսական էներգակիրների ներմուծումը Եվրոպա: Նրանք ցանկանում են շարունակել պատերազմը (Ուկրաինայում) և պատժամիջոցները (Ռուսաստանի դեմ)», - գրել է վարչապետը Facebook-ի իր էջում։
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի համաձայնի նման ծրագրերին:
«Մենք նույնպես մի քանի խոսք կունենանք ասելու այս մասին», - զգուշացրել է վարչապետը։
Նոյեմբերի 10-ին ևս Օրբանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է երաշխիքներ Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունից անժամկետ ազատված լինելու մասին:
Վաշինգտոն կատարած այցից և նման պայմանավորվածության հասնելուց հետո Օրբանը հայտարարել էր, որ այժմ կփորձի իր երկրի համար բացառություններ փնտրել Բրյուսելի արգելքներից և սահմանափակումներից: Դեկտեմբերին Բելգիայի մայրաքաղաքում կկայանա ԵՄ գագաթնաժողով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը դադարեցնելու հարցը։
Հոկտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի բոլոր գնումների փուլային արգելքը 2028 թ. հունվարի 1-ից: Այս որոշումը վերաբերում է ինչպես խողովակաշարային, այնպես էլ հեղուկ բնական գազին: Գազի նոր պայմանագրերը կարգելվեն 2026 թ. հունվարի 1-ից։ Կարճաժամկետ պայմանագրերը պետք է ավարտվեն մինչև 2026 թ. հունիսի 17-ը, մինչդեռ երկարաժամկետ պայմանագրերը կարող են շարունակվել մինչև 2028 թ. հունվարի 1-ը: Եվրախորհրդարանը պնդում է, որ ավելի խիստ արգելք սահմանվի՝ պահանջելով դադարեցնել ԵՄ երկրներ ռուսական գազի մատակարարումները 2027 թ. հունվարի 1-ից։



